Սպիտակ տունը հայտնում է Բելառուսից երեք բանտարկյալների ազատ արձակման մասին. նրանցից մեկը «Ազատության» թղթակիցն է

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռ/կ բելառուսական ծառայության թղթակից Անդրեյ Կուզնեչուկը հանդիպում է ընտանիքի հետ, 12-ը փետրվարի, 2025թ., Վիլնյուս, Լիտվա

«Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակից Անդրեյ Կուզնեչուկն ազատ է արձակվել բելառուսական բանտից: Նա ազատազրկվել էր երեք տարի առաջ խուլիգանության ու ծայրահեղականության մեղադրանքներով, որոնք «Ազատությունը», ամերիկացի պաշտոնյաներն ու իրավապաշտպան կազմակերպությունները շինծու ու քաղաքական էին որակել։

«Սա խոսում է նախագահ Թրամփի՝ գործարք կնքելու կարողության մասին։ Մենք կարող ենք հաստատել, որ ազատ են արձակվել մեկ ամերիկացի և երկու անձ, որոնցից մեկը աշխատել է «Ազատություն» ռադիոկայանի համար»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քարոլայն Լիվիթը։

Կուզնեչուկը ձերբակալվել էր 2021թ. նոյեմբերին: Սկզբում նրան խուլիգանության մեղադրանք էր առաջադրվել, հետո՝ ծայրահեղական խմբավորում ստեղծելու։ Դատարանը լրագրողին 6 տարվա ազատազրկման էր դատապարտել, քննությունը տևել էր ընդամենը մեկ օր։ Բելառուսի իրավապաշտպանները նրան դասում էին քաղաքական բանտարկյալների շարքում։

Կուզնեչուկին և երկու այլ անձանց բելառուսական բանտից ազատ արձակելուց մեկ օր առաջ Թրամփի վարչակազմը երաշխավորել էր ամերիկացի ուսուցիչ Մարկ Ֆոգելի ազատ արձակումը ռուսական բանտից։

«Սա հիանալի օր է Անդրեյի, նրա կնոջ և երկու երեխաների համար։ Ավելի քան երեք տարվա բաժանումից հետո ընտանիքը միասին է՝ ի շնորհիվ նախագահ Թրամփի», - հայտարարել է «Ազատություն/Ազատ Եվրոպա» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը՝ ողջունելով պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, նրա թիմի, ինչպես նաև Լիտվայի կառավարության աջակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ազատություն» ռ/կ-ի բելառուսական ծառայության լրագրողը կալանավորվեց